Չինացի և ամերիկացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է փոխել ձևը և գալ «հեղուկ» վիճակի. մշակողների ցուցադրած տեսանյութում ռոբոտին հաջողվել է դուրս գալ վանդակից, ինչպես T-1000 տերմինատորը հայտնի ֆիլմից, հայտնում է news.am—ը։
Ռոբոտի ստեղծման համար Չինաստանի մի քանի գիտական ինստիտուտների գիտնականները Քարնեգի Մելլոնի համալսարանի ամերիկացի գործընկերների հետ միասին օգտագործել են այսպես կոչված մագնիսական ակտիվ նյութ (MPTM), որի վիճակը մագնիսական դաշտի ազդեցությամբ կարող է պնդից փոխվել հեղուկի և հակառակը:
«Հեղուկ» վիճակում ռոբոտը կարող է «բաժանվել» մասերի, իսկ հետո նորից միաձուլվել, ինչը նրան հնարավորություն է տալիս փոխել իր ձևը։ Ընդ որում, ռոբոտի ձևն ու շարժումները կառավարվում են մագնիսական դաշտով։
Աղբյուրի փոխանցմամբ, ապագայում մի օր այս տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ մարդանման ռոբոտների համար, որոնք, դառնալով հեղուկ, կկարողանան անցնել ցանկացած խոչընդոտի միջով։
Ըստ Vice.com-ի՝ ավելի տեսանելի ապագայում MPTM տեխնոլոգիան կարող է օգտագործվել դեղերը ցանկալի օրգաններին հասցնելու, ստամոքսից օտար առարկաները հեռացնելու և շատ այլ առաջադրանքների համար:
Փորձագետները նաև փորձարկել են այս նյութի՝ պատերի վրա բարձրանալու, խոչընդոտները հաղթահարելու, մասերի բաժանվելու, ապա նորից հավաքվելու կարողությունը։