Երեկ երեկոյան զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը), ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց։ Դրա հետևանքով վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։