Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք փոփոխություններ են առաջարկվել, որոնք վերաբերում են ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներին՝ նշաններ, գծանշումներ, լուսացույցներ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը, հայտնում է news.am—ը:
Խաչատրյանի խոսքով աշխարհում անընդհատ ի հայտ են գալիս նոր տեխնիկական միջոցներ, սակայն Հայաստանը չէր կարող դրանք կիրառել, քանի դեռ Հայաստանի օրենսդրության մեջ դրանք ներառված չեն:
Մասնավորապես, առաջարկվել է դպրոցների մոտ առավելագույն արագության սահմանված մինչեւ 20, 30 կամ 40 կմ/ժամ, նշանները սահմանափակել 40, իսկ դասերից հետո և հանգստյան օրերին դարձնել 60 կմ/ժամ՝ արհեստական խցանումներ չառաջացնելու համար։ Նշանները կփոխարինվեն էկրանային տարբերակներով, որոնք տարբեր ժամանակ տարբեր նշան ցույց կտան։
Առաջարկվել է խաչմերուկում լրացուցիչ սեկցիայով լուսացույցները անգամ անջատված վիճակում ունենան կարմիր եզրագիծ, որպեսզի վարորդը մութ ժամերին դա նկատի։
Առաջարկվել է մեկ վահանակի վրա տեղակայել մի քանի ազդարարող նշան, որոնք տեղեկացնում են վարորդներին ճանապարհին մոտ գտնվող լիցքավորման, սննդի կետի, հանգստյան վայրի մասին:
Այսուհետ ցանկացած խցանված խաչմերուկ, անկախ նրանից` այնտեղ կա «խաչմերուկի տարածք» գծանշումը (այսպես կոչված վաֆլի), թե ոչ, մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի։
Առաջարկվել է՝ տեսանելիության բարձրացման նպատակով չկարգվորվող հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային նշանը դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով վահանակների վրա: Նշվել են այնպիսի հետիոտնային ացնումներ, որոնք յուրաքանչյուր ուղղությամբ 3 եւ ավելի գոտիներ ունի, նախատեսվում է, որ նշանը կախվի նաեւ վերեւից: Իսկ կարգավորվող հետիոտնային անցումների համար կետ է ավելացվել, ըստ որի ճանապարհը տնօրինողն իր հայեցողությամբ կարող է վերեւից կախվել նաեւ կարգավորվող, այսինքն կանչովի լուսացույցներով անցումների վրա:
Ավելացվել է անկյունագծային հետիոտնային անցում գծանշումը, այսինքն խաչմերուկում բոլոր ուղղություններով ավտոմեքենաները կանգնում են եւ հետիոտները կարող են խաչմերուկը հատել նաեւ անկյունագծով: Այս երթեւեկությունը կազմակերպվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտնային երթեւեկությունը շատ բարձր է՝ մեկ ժամում 900 մարդ եւ ավելի: