Զբոսաշրջությամբ զբաղվող տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են:
«Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ նոր օրենքով արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար գործելու են ֆինանսական երաշխիքներ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները և նրանց կողմից առաջարկվող զբոսավարները համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց՝ ո՛չ:
Սուսաննա Հակոբյանն ասաց, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը իրենք պատվիրակելու են կառավարության որոշմամբ ընտրված իրավական մարմնին, այսինքն՝ որակավորման ամբողջ գործընթացը, միջազգային ստանդարտներին համապատասխան, իրականացնելու է տվյալ մարմինը: Իսկ այս բոլոր գործընթացները իրականացնելու նպատակով միջազգային ստանդարտները կվերցվեն և կտեղայնացվեն: