ԵՄ-ն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցներ չի կիրառի․ Բորել

Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։ Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանն ի պատասխան ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Պատժամիջոցները համաեվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար ԵՄ մեխանիզմներից մեկն են, և տվյալ դեպքում դրանք չեն դիտարկվում։Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», – ասել է Բորելը։

Նրա խոսքով` 2022 թ.–ի դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց մարդասիրական հետևանքներին։

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:

Պատասխանում անդրադարձ է կատարվում  նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print