ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցություն է տրամադրվել 2022 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքի, հայտնում է 1lurer.am-ը։
Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։
«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին»,- ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։
Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հունվարին՝ օգնելու ԼՂ-ից Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։