Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ դասակի հրամանատարը ողբերգության օրը` հունվարի 19-ին տված հարցազրույցում կասկածի տակ էր դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածը և չէր ցանկացել հավելյալ ինֆորմացիա ասել։ Նա հայտնել էր, որ գյուղը գազիֆիկացված չէ, և տները ջեռուցվում են կա՛մ ցախով, կա՛մ ածուխով, և այն սենյակը, որտեղ գիշերել են զինվորականները, նույնպես բացառություն չէր։ Զինվորականը լրագրողներին նաև վստահեցրել էր, որ հունվարի 18-ին երեկոյան, երբ ինքը տուն էր գնում, կացարանում բենզին չի եղել։
«Հարցազրույցի հաջորդ օրը դասակի հրամանատարն ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Քարոզչական իմաստով և ծառայությունից հեռացնելու առումով նրա վրա մեծ ճնշում է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում դեռևս ոչինչ չկա»,–ասաց Բաբայանը՝ հավելելով, որ մեկ անգամ դասակի հրամանատարը հարցաքննվել է։