Հայաստանում այս տարվանից մեկնարկում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի (ԱՀԱ) ներդրումը. 2023-ը կլինի «նախապատրաստական փուլ», հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թ-ից ԱՀԱ-ն կկիրարկվի ամբողջությամբ, հայտնում է ejc.am-ը։
Համաձայն նախագծի` ԱՀԱ-ի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ԱՀԱ-ին միանալու ապահովագրական վճարներից։
Այսպիսով, աշխատող քաղաքացիների (բնակչության մոտ 22%) եկամտից ամսական գումար կհատկացվի Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։
ԱՀԱ հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի խոսքով նախնական գնահատականով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի:
ԱՀԱ ներդրման առաջին՝ նախապատրաստման փուլում կձևավորվեն հիմնական ծառայությունների և նվազագույն ծառայությունների փաթեթները։ Հիմնական ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ի փորձարկման փուլի ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության, ինչպես նաև ԱՀԱ-ի փորձարկման փուլում միացած շահառուների համար։ Նվազագույն ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ում չընդգրկված քաղաքացիների համար։
Ապահովագրության դիմաց քաղաքացին հիմնական ծառայությունների փաթեթի շրջանակում կստանա պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ, նաև կանխարգելիչ հետազոտություններ, որոնք պարտադիր կլինեն ՝ հետագայում բուժծառայություններ ստանալու համար: Կփոխհատուցվեն հեմոդիալիզի, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները, սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բժշկական օգնություն և սպասարկում, վերականգնողական բուժման ծառայություններ առանձին հիվանդությունների կամ վիճակների դեպքում, օրգանների փոխպատվաստում, էնդովասկուլյար վիրաբուժություն, պալիատիվ բուժման և խնամքի ծառայություններ և այլն: Ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով կիրականացվի ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում և ատամի հեռացում, մինչև երկու ատամի վիրաբուժական բուժում, պրոթեզավորում 63 և բարձր տարիքի անձանց համար): Ապահովագրական ծածկույթից դուրս կմնան, օրինակ, պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, բուժքույրական խնամքը, որոշ դեպքերում նաև՝ վերականգնողական ու հետվիրահատական բուժումը։
ԱՀԱ ներդրման երկրորդ՝ փորձարկման փուլի 1-ին տարվա ընթացքում ԱՀԱ-ում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձիք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձիք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։
Փորձարկման փուլի վերջին տարում` 2026 թվականին ԱՀԱ-ին հնարավորություն կունենան միանալու բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք և գյուղատնտեսությունում զբաղվածները։
Ըստ Նախագծի` ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ), որի միջոցով ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով: Վերջինս պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։
Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության հեղինակած ԱՀԱ հայեցակարգի նախագիծը հունվարի 11-ից 26-ը դրվել էր հանրային քննարկման իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Քվեարկության մասնակցած քաղաքացիների գրեթե 90%-ը նախագծին կողմ էր քվեարկել: