Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 1-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով արարքը շարունակելու դեպքում տուգանքը կլինի սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչեւ 1500-ապատիկի չափով:
Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես բնակելի բազմաբնակարան շենքերը շատ դեպքերում առանց շահագործման թույլտվության շահագործվում են, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ, մասնավորապես, ենթակառուցվածքների առումով (գազ, էլեկտրաէներգիա, որոնք միացվում են, առանց համապատասխան փորձաքննություն անցնելու):
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք օրինագիծը վերաբերում է նաեւ անհատական տներին: Վաչե Տերտերյանի խոսքով բարձրաձայնված հարցը կարգավորվում է Կառավարության որոշումներով, իսկ վերոնշյալ նախագծով առավելապես կարգավորվում է բազմաբնակարան շենքերի, շինությունների խնդիրը: Ըստ նրա` շահագործման թույլտվությունները տարբերակված են, անհատական տների դեպքում դրանք այլ են:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: