Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունվարի 31-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ու Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին Syunik.tv-ն տեղեկանում է մարզպետարանի պաշտոնական կայքից։
«Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը, որն իրականացնում են այս կազմակերպությունները ( նաև՝ Մանկական զարգացման հիմնադրամը) համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Աղբյուրի փոխանցմամբ, հյուրերն անդրադարձել են նաև 12 ամիս տևողությամբ ծրագրի բաղադրիչներին՝ սոցիալ-հոգեբանական աջակցությանը, կարողությունների զարգացմանը, սոցիալ-տնտեսական պլանավորմանը, տնտեսական վերականգնմանը, մարդասիրական օգնությանը և սոցիալական աշխատանքին։
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում․ Սյունիքում որպես շահառու ընտրվել է Սիսիան համայնքի երեք բնակավայր։