Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը, նախարարը նշեց, որ դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան:
«Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը:
Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝ Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով»:
Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշեց մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ: