Մեղրիի հիմնանորոգված մանկապարտեզը հնարավորություն կունենա ընդունել 240 երեխայի

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում էր Մեղրի համայնքում։ Տեղեկությունը Syunik.tv-ին փոխանցում են Սյունիքի մարզպետարանից։

Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ մարզպետն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Մեղրու մանկապարտեզ՝ դիտարկելու արդեն ավարտված շինաշխատանքների վերջնական արդյունքները։

Աղբյուրի փոխանցմամբ, նախադպրոցական ուսումնական հաստատությունը հնարավորություն կունենա ընդունել 240 երեխայի։ Այս պահին արդեն տարածքների մաքրման ու կահավորման, գույքի տեղադրման, բակի հարդարման աշխատանքներ են ընթանում։

«Երկար ժամանակ ձգձգված ու ուշացած ծրագրի ընթացքը վերջին տարում եղել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական հսկողության ներքո, մարզպետարանը ձգտել է լուծում տալ ծագած բոլոր խնդիրներին, ու ապագա դասասենյակները, վարչական սենյակները, դահլիճը, խոհանոցը և այլն ապահովված են մանկապարտեզի բնականոն գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով, կահույքով ու տեխնիկայով»,-նշվում է հաղորդագրությունում։

Առաջիկա օրերին արդեն ժամանակակից ու հարմարավետ պայմաններով մանկապարտեզը պատրաստ կլինի ընդունել մեղրեցի փոքրիկներին ու հանդիսավորությամբ կբացի իր դռները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print