ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը, հայտնում է tert.am-ը։
The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդապարիկը հայտնաբերել են չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, Մոնտանայի Բիլինգս քաղաքի երկնքում։
Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպում է հրավիրել զինվորական պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատասխան հնարավոր տարբերակները։
Պենտագոնը գործողության բոլոր տարբերակները ներկայացրել է նախագահ Ջո Բայդենին. վերջինս առաջարկել է խոցել այն։ Սակայն Պենտագոնն առարկել է՝ պատճառաբանելով, որ երեք ավտոբուսի մեծությամբ օդապարիկի բեկորները վտանգ կներկայացնեն «գետնին գտնվող մարդկանց անվտանգությանը»։
Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պատալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, որը Չինաստանի իշխանությունները համարում են իրենց տարածքը։ Հունվարին ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային շարժունակության հրամանատարության ղեկավար Մայք Մինիհանը կանխատեսել է ուղիղ բախում Չինաստանի հետ 2025 թվականին։