Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրանցի վարորդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության՝ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի վարորդի վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացին հայտնաբերված թմրամիջոցները պետք է փոխանցի այլ անձանց` Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻԻՀ քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն և Ա. Թ.-ն:

«Հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի, Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, որից հետո` հիշյալ զանգվածները ստանալուց հետո, ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի մեկ քաղաքացի, այնուհետև վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն»,-նշվում է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print