Ալմա-Աթայի հռչակագրին հիմա հաճախ սխալ մեկնաբանություն է տրվում, դրանով Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչում Ադրբեջանի կազմում: Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում, հայտնում է Արմենպրեսը:
Քաղաքագետի խոսքով անհրաժեշտ է՝ Հայաստանը հայտարարության ձևով վավերացնի այն մեկնաբանությունը, որը եղել է հենց 1992 թվականին:
Անդրադառնալով Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին՝ Զոլյանը նշեց, որ պետք չէ ընդունել այն մեկնաբանությունը, թե դա իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Քաղաքագետը կարծում է, որ այնտեղ բերված են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԼՂ-ն դուրս է եկել օրինական կարգով: Ադրբեջանը չի անցկացրել այն հանրաքվեն, որի արդյունքների հիման վրա ԼՂԻՄ-ի կարծիքը պետք է առանձին հաշվարկվեր:
Նա նշեց՝ այդ ժամանակ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի ասել, որ դրանով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հակառակը՝ Ադրբեջանի Մեջլիսը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը: 1993 թ-ին արդեն Հեյդար Ալիևը ստիպված է եղել նորից ստորագրել:
«Ալմա-Աթայի պայմանագրում հստակ նշված են այն հիմքերը, որով պետք է Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվեր որպես ԱՊՀ-ի մաս: Մենք պետք է ընդունենք հենց այդ մեկնաբանությունը»,-ասաց Զոլյանը:
Ըստ նրա՝ հայտարարության ձևով պետք է վավերացվի այն մեկնաբանությունը, որը տրվել է 1992 թվականին: «Դա որևէ կապ չուներ տարածքային ամբողջականության հետ: Տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որն անընդհատ մեր դեմ է օգտագործվում: Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ճանաչելու հիմքերը»,-եզրափակեց նա: