Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից 6 բուժառու տեղափոխվել են ՀՀ տարբեր բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,-նշվում է հաղորդագրությունում։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Նշվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։