Հանդիպում «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում

Հարթակի տարեկան առաջին հանդիպումն այս անգամ իրականացվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալությունը» (ՌԶԳ) «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների հերթական հանդիպումը:

Հարթակի տարեկան առաջին հանդիպումն այս անգամ իրականացվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր խոսքում  շեշտել է,  որ ՄԿՈՒ ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի, որն ապահովելու ու նախատեսվող վերջնարդյունքներն ունենալու համար շատ կարևոր է միջազգային և տեղական գործընկերների սերտ համագործակցությունը:

«ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումներն արդյունավետ իրագործելու համար մենք կարևորում ենք մասնագիտական ուսումնական հաստատությունների քարտեզագրումը, իրականացվող կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի վերանայումը, դրանց համապատասխանեցումը տնտեսությանը: Բոլոր այն մասնագիտությունները, որոնք ուսանողների կամ երիտասարդության կողմից տարբեր պատճառներով նախընտրելի չեն համարվում, բայց կարևոր են տնտեսության զարգացման տեսանկյունից, պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում: Մասնագետների բացը ու կարիքը պետք է լրացնենք՝ խթանելով ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով կարևորում ենք, որ ուսումնառությունը կազմակերպվի նորարար մեթոդներով, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեն նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են նշված նպատակների իրականացմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ մշակման և ամփոփման փուլում է:

Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութն իր ելույթի ընթացքում  նշել է, որ կրթական համակարգը երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման, աշխատաշուկայի կարիքները հոգալու, ինչպես նաև միջազգային նպաստավոր դիրք ունենալու համար առանցքային նշանակություն ունի:

Վերներ Թութը նշել է, որ վերջին շրջանում մեծ ջանքեր են ներդրվում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ։

 Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության, ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print