Արտոնություններ՝ Ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերին

Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն մի շարք երաշխիքներ և իրավունքներ։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերի արտոնությունների ցանկը:

Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝  

  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։  Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
     
  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո.
  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
     
  • մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն. 
     
  • երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ.
     
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է.
     
  • եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը.
     
  • գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print