Ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի ՝ մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։
Կառավարությունն այսօրվա հերթական նիստում սահմանեց պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:
Ներկայացնելով ատեստավորման կարգը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը:
«Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից։ Ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանը նշեց նաև, որ շարքային պայմանագրայիններից մինչև կրտսեր ենթասպայական կազմի աշխատավարձը կկրկնապատկվի․ «Ըստ էության, 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»,- ասաց Պապիկյանը:
– –