Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին։
Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը վտանգված է, քանի դեռ շարունակվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այսօր նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։
«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա», — ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիությունից:
«Արդեն շրջափակման իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին», — ասել է Մարի Ստրաթերսը։
–