Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել, և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
« Շնորհավորում եմ ձեզ, Իրանի մեր գործընկերներին, ժողովրդին։ Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք: Դա լինելու է ի շահ մեր ժողովուրդների, նպաստելու է մեր երկրների հզորացմանը, բարեկեցության բարձրացմանը»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրականացման վերաբերյալ: Կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների իրանական փորձի կիրառման, կրթության, հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցումը:
Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել, և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել:
Վահագն Խաչատուրյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին կարևորել են բարձր մակարդակի շփումների անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունն արդյունավետ աշխատանքային շփումների վերաբերյալ:
–