«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: Հիմա քննարկումներ են, թե ինչպես կարող են Իրանի հյուպատոսությունը Սյունիքում բացելուց հետո իշխանությունները չթույլատրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը հյուպատոսություն բացել Սյունիքում:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»:
Նկատենք՝ շեշտված է միայն պաշտոնական առաջարկի բացակայության մասին, իսկ ոչ պաշտոնապես նման խոսույթի բացառումը չկա ԱԳՆ պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
– –