Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է Սյունիքում իրականացվող ծրագրերը

Քննարկվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Հանդիպման ընթացքում Անդրեա Վիկտորինը հանգամանորեն ներկայացրել է քաղաքացիական առաքելության նպատակները, ակնկալիքները նրանից եւ այլ մանրամասներ: Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ գոտիների բնակիչների առողջական, ֆիզիկական անվտանգության եւ այլ հարցեր:

Կողմերը քննարկել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Շեշտվել է Սյունիքի եւ մյուս մարզերի բնակիչների համար իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել առողջապահական եւ կրթական ոլորտներին, ինչպես նաեւ խոցելի խմբերի ուղղությամբ տարվող աշխատանքներին` թե’ գործադիր, թե’ օրենսդիր մարմիններում:

Ազգային ժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խոչընդոտների մասին: Օրակարգում են եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, մի շարք ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր:

– –


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print