Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ևս 7 հիվանդ

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

Այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել ևս 7 բուժառու, իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ»,-նշվում է հաղորդագրությունում։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոնե» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

– –



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print