Ովքեր են Սիսիան և Անի համայնքներում ղեկավարների թեկնածուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Անի համայնքում եւ Սյունիքի Սիսիան խոշորացված համայնքում: Կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 9-19-ն ընկած ժամանակահատվածում:

«Ժողովուրդ» օրաթերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հայտնեցին, որ դեռեւս որեւէ կուսակցությունից կամ դաշինքից դիմում չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է:

Ընդդիմադիր թեւում, սակայն, ի տարբերություն իշխանության, անորոշ վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշում չկա: Գեղամ Մանուկյանը նույնպես նշեց, որ ՀՅԴ-ն դեռ թեկնածու չունի:

«Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանն էլ ասաց, որ Անի համայնքում չեն մասնակցելու ընտրություններին, իսկ Սիսիանում մասնակցության հարցը դեռ քննարկվում է: Տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը, եւս մտադիր է առաջադրվել:

Ավելին՝ երեկ երեկոյան Արթուր Սարգսյանը այս հարցով նաեւ ժողով է հրավիրել, որպեսզի հայտնի իր վերջնական դիրքորոշման մասին: Նրան հենց «Հայաստան» դաշինքն էլ կառաջադրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում պատրաստվում է առաջադրվել նաեւ էլցանցերի պետը՝ Ջիվան Մարգարյանը, որը նախկինում ՀՀԿ-ի թեկնածուն էր:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print