Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը նշեց՝ եթե քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու։
Հանրապետությունում մեկնարկել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը։ Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց, որից 16264-ը՝ Երեւանում, որտեղ ինքնակամ կառույցների գրանցումն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ին։ Այս մասին այսօր րագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության պետ Գեւորգ Մանուկյանը՝ հավելելով, որ խոսքն ավտոտնակների, բնակելի շենքերի եւ արտադրական շինությունների մասին է։
Մանուկյանը նշեց, որ ամենապասիվ մարզերը Վայոց ձորն ու Տավուշն են՝ 200-350 գրանցված ինքնակամ կառույց ամբողջ 2022 թվականին։ Ամենաակտիվ մարզերից մեկը Կոտայքի մարզն է՝ ավելի քան 3200 գրանցված ինքնակամ կառույց։
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը նշեց՝ եթե քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու: Մյուս կողմից հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է: Սեփականշնորհման գործընթացը սկսելու ժամանակ դա պարզ կլինի: Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, չթույլատրված վայրերում, ապա ենթակա չէ օրինականացման:
— —