Պաշտոնատար անձանցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարբեր չափերի կաշառք-գումարներ ստանալու դեպքեր։
Մասնավորապես, Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, մի շարք անձանցից պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:
Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար:
2023 թվականի փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին, քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված կաշառք-գումարը, անձնագրային հիշյալ խմբի վարչական շենքում անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել է ստացված կաշառք-գումարը։
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում Ա.Ս-ն և Լ.Հ-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Դատարանի որոշմամբ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
– –