Հայաստանը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։
Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ արեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,-ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
– –