Ավարտվել է Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացուն ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը

Քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, 2022 թ. մարտի 18-ին դատարանում ցուցմունք է տվել այն մասին, թե իբր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները հարկադրել են իրեն տալ հանցագործության մասին հաղորդում և բացատրություն՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ:

Ա.Օ.-ն նշել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարն (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Այդ կերպ նա պաշտոնատար անձանց մեղադրել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մեջ:

2022 թ. ապրիլի 15-ին այս փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ դատարանում նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով:

Քանի որ նախաքննությամբ հաստատված տվյալները վկայել են Ա․Օ․-ի արարքում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքի հատկանիշների առերևույթ առկայության մասին, այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի միջնորդության հիման վրա, 2022 թ․ նոյեմբերի 23-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Օ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print