Կերկարացվի անհետ կորած 59 զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը

Տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ։

44–օրյա պատերազմին մասնակցած 59 զինծառայողներ 2022թ–ի դեկտեմբերի 12-ի դրությամբ դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում, որով առաջարկվել է անհետ կորած զինծառայողներին տրվող ամենամսյա սոցիալական աջակցությունը երկարացնել ևս 2 ամսով, հայտնում է Sputnik Արմենիան։

Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով անհետ կորածների ընտանիքները պետք է դիմեն դատարան` իրենց հարազատներին «անհայտ բացակայող ճանաչելու» հարցով, ինչը ոչ բոլոր ընտանիքներն են արել, կամ դատարանները այդ հայցերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացրել։

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, և տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած 59 զինծառայող առայժմ անհայտ բացակայողի կարգավիճակ չունի, կառավարությունը որոշել է ևս երկու ամսով երկարացնել նրանց ընտանիքներին 300 000–ական դրամ աջակցության տրամադրումը` այդ նպատակի համար 2023թ–ի բյուջեից հատկացնելով 35 400 000 դրամ։

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print