Քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

ԶՈՒ պաշտոնյան ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չի ապահովել։

ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ, հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում՝ անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում՝ կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print