Այցի նպատակն է՝ ծանոթանալու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադյա Ֆերնանդա Պիֆարետտին հակիրճ ներկայացնելով առաքելության նպատակները՝ նշել է, որ այցելել են Սյունիքի մարզ և առաջիկայում կայցելեն նաև Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:
Վաչե Տերտերյանն իր հերթին հանգամանալից ներկայացրել է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում պատերազմից հետո առաջացած տարածքային համաչափ զարգացման հետ կապված խնդիրները, նշել կառավարության կողմից այդ խնդիրները լուծելու առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև նման իրավիճակներում տարբեր տարածաշրջաններում Համաշխարհային բանկի ունեցած միջազգային փորձով և շեշտել, որ դա կարող է օգտակար լինել նոր գաղափարների, նոր զարգացման ծրագրերի իրագործմանը Հայաստանում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր այցելելուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ունենալ ևս մեկ հանդիպում-քննարկում:
– –