ԵՄ-ն 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով

Գումարն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

ԵՄ արտաքին  քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵԽ հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։ 

Բորելը, մասնավորապես, նշել է, որ ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է Լաչինի միջանցքով տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ։

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ իր իրավասության տիրույթում՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների»,-ասել է ԵՄ արտաքին  քաղաքականության բարձր ներկայացուցիչը։

Վերջինս անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով տրամադրված մարդասիրական աջակցությանը․ «ԵՄ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով 2022թ. հավաքագրել է 3.6 մլն եվրո՝ մարդասիրական աջակցության համար։ Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), որը միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը կարող է գործել Լաչինի միջանցքում։ Հակամարտության սրացումից ի վեր ԵՄ-ն տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանն աջակցելու համար»։ 

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print