Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից, իսկ գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:
Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար, հայտնում է news.am-ը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նշվում է, որ նախաձեռնությունը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:
Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից, իսկ գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:
Նախագծի համաձայն՝ ատեստավորում անցնելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից /նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները/:
Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտությունները ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):
Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:
Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետում, տրվելու է վերաատեստավորման հնարավորություն:
Ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու /ատեստացիա չանցնելու/, ինչպես նաև ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով՝ ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատետավորման: Ատեստավորվելու օրվանից 4 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք, որը պետք է իրացնի առաջին ատեստավորման օրվանից սկսած 5 տարի 6 ամիս ժամկետում։