Այն կծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը։ Այս մասին հայտարարել է Արցախի ղեկավարը։
Արցախի նախագահը նշել է, որ նախագահին կից խորհրդատվական մարմինը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք։
«Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները», – նշել է Արայիկ Հարությունյանը:
Վերջինիս խոսքով հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել։
«Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների», – ընդգծել է Հարությունյանը, հայտնելով նաև, որ փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնա Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու հետագա քայլերին:
– –