Instagram-ի և Facebook-ի օգտատերերի համար վերիֆիկացիան վճարովի կլինի

Ծառայությունը դեռևս հասանելի չէ բիզնեսի համար, սակայն ցանկացած անհատ կարող է վճարել և ստանալ ստուգանիշը։

Meta ընկերությունը հայտարարել է, որ Instagram-ում և Facebook-ում վերիֆիկացիան այսուհետ վճարովի կլինի․ կապույտ ստուգանիշն ստանալու համար օգտատերերն այսուհետ ստիպված կլինեն վճարել ամսական 11,99 դոլար, իսկ iPhone-ի օգտատերերի համար Meta Verified-ը կարժենա ամսական 14,99 դոլար, տեղեկացնում է BBC-ին:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ դա կբարելավի սոցիալական մեդիայի հավելվածների անվտանգությունը։

Ցուկերբերգը նաև տեղեկացրել է, որ նոր գործառույթը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հասանելի կլինի այս շաբաթ։

Վճարովի բաժանորդագրության ծառայությունը դեռևս հասանելի չէ բիզնեսի համար, սակայն ցանկացած անհատ կարող է վճարել և ստանալ ստուգանիշը։

Ընկերությունը պարզաբանել է, որ ստուգանիշի բաժանորդագրությունը կբարձրացնի օգտատերերի գրառումների տեսանելիությունը, կպաշտպանի նմանակողներից, իսկ հաճախորդների սպասարկումը կդառնա ավելի հեշտ հասանելի։ Բացի դրանից, փոփոխությունը չի ազդի այն օգտահաշիվների վրա, որոնք արդեն ունեն ստուգանիշ։

Meta-ն նաև ասել է, որ վերիֆիկացիան ստանալու համար Instagram-ի և Facebook-ի օգտահաշիվների անունները պետք է համընկնեն կառավարության կողմից տրամադրված անձը հաստատող փաստաթղթի հետ։ Բացի դրանից, օգտատերերը պետք է ունենան պրոֆիլի լուսանկար, որում հստակ երևում է օգտատիրոջ դեմքը։

Meta-ն դեռ չի հստակեցրել, թե երբ նոր գործառույթը կներկայացվի այլ երկրներում, թեև Ցուկերբերգն իր գրառման մեջ նշել է, որ դա կլինի «շուտով»:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print