Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով»,-գրել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
— —