70 տարվա լռությունից հետո արցախցին կարող էր նորից իր ձայնը բարձրացնել։
Լեռնային Ղարաբաղի Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու 1921թ․ հուլիսի 5-ի ապօրինի որոշման դեմ արցախահայությունը բողոքում էր 7 տասնամյակ շարունակ՝ պահանջելով միացում՝ մայր Հայաստանի հետ։ Արցախահայության պայքարն այդ ընթացքում տարբեր կերպ էր արտահայտվում։ 1960-ականներին այն արտահայտվեց Արցախից Մոսկվա ուղարկվող նամակների ու դիմումների տեսքով։ Պայքարի ակտիվացմանն ու ծավալմանը նպաստեց Գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը։ 70 տարվա լռությունից հետո արցախցին կարող էր նորից իր ձայնը բարձրացնել։
1987թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կոլտնտեսություններում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որտեղ Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին որոշումներ ընդունվեցին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ:
70 տարվա լռությունից հետո՝ 88-ի փետրվարին, արդեն, պոռթկաց Արցախյան շարժումը։ Փետրվարի 13-ին շարժումը նաեւ Ստեփանակերտում դուրս եկավ հրապարակ: Այն ժամանակ Լենինի անունը կրող, այսօրվա Ստեփանակերտի վերածննդի հրապարակում բոլորը Հայաստան ու Միացում էին վանկարկում։
–