Սյունիքում էր Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը

Մարզպետն ու Գորիսի քաղաքապետը հյուրերն են ներկայացրել մարզում ստեղծված իրավիճակը։

Փետրվարի 20-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դիմավորել են Գորիս ժամանած ֆրանսիական պատվիրակությանը, որը Հայաստանում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ղեկավարությամբ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

Պատվիրակության կազմում են եղել նաև նախկին նախարար Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ։

Պարոն Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն ցանկացել է հանդիպումներ ունենալ ոչ միայն մայրաքաղաքում, այլև անպայման այցելել Սյունիք․ «Նպատակ ունենք մեր աչքերով տեսնել և հասկանալ այստեղի իրավիճակն ու վերահաստատել մեր համերաշխությունը հայ ժողովրդին»։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը՝ մարզ այցելելու համար՝ նշելով, որ այս ծանր ժամանակահատվածում Սյունիքը նման կարևոր հյուրերի կարիք շատ ունի։ Ռոբերտ Ղուկասյանը պատասխանել է ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մարզում ստեղծված կացությանը, անվտանգային ու այլ խնդիրներին։ Զրույցի ընթացքում կարևորվեց նաև առաջիկայում Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի միջև կնքվելիք հուշագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերը այցելեցին Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն, ինչպես նաև հանդիպեցին Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով ժամանակավորապես այստեղ ապաստանած, ինչպես նաև վերջին պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների հետ, լսեցին նրանց պատմություններն ու բարձրաձայնած խնդիրները՝ խոստանալով Ֆրանսիա վերադառնալուց հետո շարունակել ջանքերը՝ Բերձորի միջանցքի բացմանը հասնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print