2023թ․ ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլն ավարտվել է: Բուհերի ընդունելության առաջին փուլի համար հայտագրվել էր ընդհանուր 6 հազար 871 դիմորդ, որոնք միասնական քննություններ հանձնեցին «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։
ԳԹԿ մամլո խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Հրապարակի հետ զրույցում նշեց, որ արդյունքները դեռ չեն ամփոփել, քանի որ պետք է բողոքարկման հանձնաժողովի նիստ լինի, եւ քննարկվեն բողոքարկման դիմումները․ «Պետք է առարկայական հանձնաժողովները դիտարկեն՝ հնարավոր համարո՞ւմ են գնահատականների վերանայումը, թե՞ ոչ, որից հետո միայն միասնական քննությունների արդյունքները կհամարվեն վերջնական»։
Մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել «Անգլերեն» առարկայից, հաջորդիվ՝ մաթեմատիկայից, ապա՝ հայոց լեզվից։ Ամենացածր ցուցանիշները եղել են իտալերենից ու իսպաներենից։ Օրինակ, «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունների առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծության համաձայն՝ հայտագրվել է 581, մասնակցել՝ 557 դիմորդ, միջին միավորը եղել է 13,99, քննությունից կտրվել է 12,2 %-ը կամ 68 մասնակից, 18-20 միավոր հավաքածների թիվը 161 է, այսինքն՝ 28,9 %։ «Հայոց պատմություն» առարկայից 18 հոգի 20 միավոր է ստացել։ Համեմատության կարգով Խ․ Գրիգորյանը մեզ տրամադրեց նույն առարկայի 2022թ. առաջին փուլերի ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2022-ին Հայոց պատմության քննությանը մասնակցել էր 1441 հոգի, միջին միավորը եղել է 12,74, կտրվել է 5,35 %-ը, իսկ 18-20 միավոր է հավաքել 9,78%-ը։
Արցախցի բազմաթիվ դիմորդներ, շրջափակման հետեւանքով, չեն կարողացել մասնակցել Հայաստանում անցկացված ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին։
Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ խոսնակը, առաջին փուլին մասնակցելու համար Արցախից հայտարագրվել էր 50 դիմորդ, որոնցից 31-ը պետք է մեկ քննություն հանձներ, 19-ը՝ երկու։ Ամենաշատը՝ 20 հոգի, անգլերեն էին հայտագրել։ Նրանք հիմնականում այն դիմորդներն են, որոնք մտադիր են սովորել հայաստանյան բուհերում։ «Բնականաբար, իրենք 2-րդ փուլին մասնակցելու են, բայց հնարավոր է քննությունները հանձնելու այլընտրանքային տարբերակ ստեղծվի՝ օրը մի քննություն կազմակերպվի իրենց համար, կամ արցախցիներին եւս մի հնարավորություն տրվի՝ լրացուցիչ փուլի շրջանակներում, որպեսզի, մնացած դիմորդների հետ համեմատած, անհավասար պայմաններում չհայտնվեն»։
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է այսուհետ միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Առաջին փուլի քննությունները կայանում են հունվար-փետրվար, երկրորդը՝ ավանդական հունիս-հուլիս ամիսներին: Համաձայն գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի եւ մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
– –