Լաչինի միջանցքի կարգավորումները ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. Միրզոյան

Ադրբեջանի նախագահն առաջարկել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրել, բայց Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում` այն էլ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր պատասխանը միանշանակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին»,– նշեց նա։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի այս նարատիվը նոր չէ, բայց նոր չէ նաև հայկական կողմի դիրքորոշումը։

«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմը բացառում է ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print