Գործատուները փոխհատուցում կստանան. գործազուրկներին աշխատանքի ընդունելու պայմանով

Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։

Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Նշենք, որ ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։

Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։

Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։

Ընդ որում`աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։

Այսպես, օրինակ, մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայրերը ծրագրից 3 ամսով ավելի երկար օգտվելու արտոնություն կստանան, քան երեխա չունեցողները, կամ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների ծնողները։
16 – 29 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ 3 ամիս ժամկետով։

30 – 45 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 30 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ, փոխհատուցման ժամկետը 6 ամիս է։

46 – 62 տարեկանների դեպքում եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ 9 ամիս ժամկետով։

Իսկ 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց դեպքում փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 70 %–ը, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ` 6 ամիս ժամկետով։

Միջոցառման շրջանակում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուների համար սահմանված է եկամտային հարկի 100 % փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։ Փոխհատուցման ժամկետը 1 տարի է։
Իսկ այն գործատուները, որոնք նման աշխատողների համար խելամիտ հարմարեցումներ կանեն աշխատավայրում, կստանան կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով։
Կառավարության հաստատած նոր կարգն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print