ԵՄ-ն կրկնում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ-ն կոչ է անում նաև ապահովելու տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումը։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ։ 

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ՄԴԴ) կողմից տրված պարտավորեցնող հրամանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքով առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ:

Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։

ԵՄ-ն կրկնում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն:

Մենք նաև ընդգծում ենք ապահովելու կենսական անհրաժեշտությունը տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարում։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,-նշվում է հայտարարությունում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print