Լեհաստանը նաև մտադիր է արտաքսել Բելառուսի ռազմական կցորդին
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ իր երկիրը լրացուցիչ պաշտպանություն՝ ներառյալ հակատանկային պատնեշներ կտեղադրի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին՝ որպես «պաշտպանական ռազմավարության և զսպման» մի մաս:
Լեհաստանը դարձել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդներից շատերի ապահով ապաստարանը և զգալի օգնություն է ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։
Լեհաստանը նաև մտադիր է արտաքսել Բելառուսի ռազմական կցորդին։ Անցած ուրբաթ օրը Բելառուսը վտարել է երեք լեհ դիվանագետի, այդ թվում՝ սահմանապահ ծառայության կապի սպային, ի պատասխան Լեհաստանի կողմից բեռնատարների համար երկու սահմանային անցակետերից մեկը փակելու։
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին փետրվարի 9-ին հայտարարեց Բոբրովնիկիի սահմանային անցակետի փակման մասին այն բանից հետո, երբ բելառուսական դատարանը բելառուս լրագրող և Բելառուսի Լեհերի անկախ միության ակտիվիստ Անջեյ Պոչոբուտին դատապարտեց ութ տարվա ազատազրկման՝ ազգամիջյան ատելություն հրահրելու մեղադրանքով:
– –