Արցախը մնալու է հայկական, մնալու է անկախ ու չի հանձնվելու. Ռուբեն Վարդանյան

Վարդանյանի խոսքով Արցախի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք, որովհետև Արցախը մեր արմատային կետերից մեկն է, ու մենք իրավունք չունենք նրան կորցնելու։

Վստահ եմ, որ Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ այնքան միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստն ընդունելուց, որքան մեր ներքին ցանկությունից։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես վերջին վեց ամիսը գտնվում եմ Արցախում ու կարող եմ վստահեցնել, որ արցախցիները հենց այդպես են մտածում, նրանք չեն տեսնում իրենց այլ կարգավիճակում, բացի անկախությունից։
Միևնույն ժամանակ մարդիկ կորցրել են իրենց հավատը առաջին հերթին իրենց նկատմամբ, հավատը դեպի արդարություն, դեպի ղեկավարություն և դեպի ապագա։ Երբ դու չունես այս հավատը, շատ դժվար է պայքարել։ Մենք կանգնած ենք շատ լուրջ իրողությունների առջև։ Այսօր մենք ունենք անկախ Հայաստան, ունենք Սփյուռք ու Արցախում ապրող 120 000 հայ, որոնք ցանկանում են միանալ Հայաստանին, բայց այս իրավիճակում առաջին քայլը, որ մենք պետք է անենք, Արցախի անկախությունն է ու Արցախի ինքնորոշումը։ Ես մի կողմից վստահ եմ, որ ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, մնալու է անկախ ու չի հանձնվելու, բայց մյուս կողմից մեր առաջին թշնամին մենք ինքներս ենք»,- ասաց նա։

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ապրելով առօրյա խնդիրներով՝ հնարավոր չի լինելու իրականացնել այն խնդիրները, որ ստեղծվել են Արցախի շուրջ։

«Արցախի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք, որովհետև Արցախը մեր արմատային կետերից մեկն է, ու մենք իրավունք չունենք նրան կորցնելու։ 1988 թ-ին մարդիկ և՛ հավատում էին, և՛ պատրաստ էին օրը 24 ժամ նվիրել Արցախի անկախության գործին, եկեք հիմա էլ նույնը անենք։ Վստահ եմ, որ չնայած մեզ շատ դժվարություններ են սպասվում, բայց մենք հաջողության կհասնենք»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print