Լոռու մարզում ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը կոչ է արել անտառտնտեսությունների ղեկավարներին առավել ինտենսիվ կերպով համագործակցել ոստիկանության բաժինների հետ՝ արդյունավետ գործելու նպատակով։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության ներկայացուցիչների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ:

Մարզի ղեկավարը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և համակարգված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ ապօրինի անտառահատումների դեպքերը նվազագույնի հասցնելու կամ բացառելու:

«Երկու շատ կարևոր սկզբունքային հարց կա այստեղ. առաջինը՝ մեծ վնաս է հասցվում բնությանն, ինչն անթույլատրելի է, և երկրորդ՝ սա նաև արժանապատվության հարց է, երբ անտառագողերը կարողանում են անարգել ու անպատիժ կերպով ապօրինի գործողություններ իրականացնել: Անհրաժեշտ է գործել շուրջօրյա ռեժիմով, շրջայցեր իրականացնել նաև գիշերային ժամերին»,-ասել է Արամ Խաչատրյանը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը նշել է, որ հատկապես վերջին շրջանում ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են: Նա կոչ է արել անտառտնտեսությունների ղեկավարներին առավել ինտենսիվ կերպով համագործակցել ոստիկանության բաժինների հետ՝ արդյունավետ գործելու նպատակով.

«Առաջին իսկ ահազանգի դեպքում՝ լինի կասկած, թե՝ արձանագրված փաստ, ոստիկանները պատրաստ են արագ արձագանքելու: Տեղեկացնեմ, որ բազմաթիվ հայտնաբերված դեպքեր ունենք, կան ձերբակալվածներ, բայց այն ինչ արվում է, բավարար չէ»,-ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print