Երբ ավելի շատ հարցականներ են առաջ գալիս, քան տրվում են պատասխաններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ մի կողմից բարդ, իսկ մյուս կողմից էլ անորոշ։ Եվ խնդիրը ոչ միայն շրջափակումն է, այլև ներքաղաքական անկայուն իրադրությունը։ Դեռ տարեսկզբից լուրեր էին շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի «հեռանալու» մասին։ Բայց այն, որ Վարդանյանն ինքնակամ հակված չէր հրաժարական տալու, պարզ էր ի սկզբանե։ Իսկ արդեն վերջին շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ նրան Արայիկ Հարությունյանն է ազատելու իր հրամանագրով։ Թվում էր, թե Արայիիկ Հարությունյանը հրամանագրի ստորագրումից հետո պետք է որևէ սպառիչ կամ գոնե հասկանալի պարզաբանում տա Վարդանյանի ազատման հետ կապված՝ մանավանդ այն պարագայում, երբ այն ոչ միանշանակ է ընկալվում հանրության կողմից։

Այստեղ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքուն Վարդանյանին Արցախից հեռացնելու կոնկրետ պահանջ էր դրել։ Իր ելույթում Արայիկ Հարությունյանը փորձում էր ինչ-որ կերպ հերքել կամ շրջանցել այն հարցը, թե Ադրբեջանի պահանջն է կատարել։ Բայց խոսելով դիմադրողականության մասին՝ Արցախի նախագահն անուղղակիորեն հաստատում է ադրբեջանական պահանջները կատարելու փաստը։

Մյուս կողմից էլ պարզ է, որ «ներքին դիմադրողականությունն» ուղղակիորեն կապված է ներքաղաքական հակասությունների հետ։ Պատահական չէ, որ երբ հունվարին առաջին անգամ շրջանառվեց Վարդանյանի հրաժարականի թեման՝ այն հիմնականում ներկայացվում էր հենց ներքաղաքական հակասությունների կոնտեքստում։ Ու հիմա Արայիկ Հարությունյանն իր ելույթում այնքան շատ է ջանում ցույց տալ, թե ներքաղաքական հակասությունների խնդիր չկա, որ կարծես թե, հերքելով հանդերձ, ավելի շատ հաստատում է հակասությունների առկայությունը։

Մի խոսքով, Արայիկ Հարությունյանի ելույթն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ: Այնինչ, շատերի համոզմամբ, հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման հետ կապված Ադրբեջանի ֆոբիաներն ու հիստերիաները, այն աստիճան, որ բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ Մյունխենում կայացած դեբատի ժամանակ, Ալիևն ու մինիալիևները թիրախավորում են նրան, ինչպես նաև նկատի ունենալով Հաագայի դատարանի որոշումը, պարզ տրամաբանությունը հուշում էր, որ պետք էր ճիշտ օգտագործել պահը և նրան պահել պաշտոնում։ Միևնույնն է՝ Վարդանյանի հրաժարականից հետո ադրբեջանական պահանջները ոչ միայն չեն մեղմվելու, այլև ավելի են կոշտանալու, քանի որ Բաքուն, տեսնելով, որ նույնիսկ Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող իր պահանջներն անվերապահ կատարվում են, ապա մյուս պահանջներն էլ նույնկերպ կարող են կատարվել։ Հատկապես, որ Հայաստանում ու Արցախում անընդհատ զիջելու պատրաստակամություն ունեցողներն են իշխանության ղեկին…

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print