Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դուրս են եկել եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել իռլանդացի Կեյլին Կասիդուի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 5։0 հաշվով հաղթել է Բրազիլիայի ներկայացուցիչ Աբներ Ջունիորին։ Եզրափակիչում Չալոյանի մրցակիցը Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բակհոդիր Ջալալովն է։ 80 կգ քաշային Հակոբյանն էլ ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսի հետ։
Նշվում է նաև, որ Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։
Հիշեցնենք, որ Բուլղարիայում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականից մասնակցում է 12 մարզիկ։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահբազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: