Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ մշակվում են մի քանի մեգանախագծեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «երկու երկրները մեգանախագծեր են մշակում»։

«Անկասկած, ապրանքաշրջանառությունը, որը նաև բնորոշ է մեր տնտեսական համագործակցությանը, հասնում է ռեկորդային մակարդակի, և սա սահմանը չէ, քանի որ, ինչպես քննարկել եք նախագահ Պուտինի հետ, մշակվում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև  տարածաշրջանային և նույնիսկ ինչ-որ տեղ՝ գլոբալ բնույթ։ Այդ նախագծերի նկատմամբ հետաքրքություն են ցուցաբերում մեր ու Ձեր շատ գործընկերներ։Եվ սա նաև ցուցիչ է, թե որքան հեռանկարային է համագործակցությունն այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջատար մասնակցությամբ»,-ասել է Լավրովը՝ նշելով,որ տարածաշրջանային անվտանգությունը ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ հարաբերություններում մնում է շատ արդիական։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, այդ թվում՝ այս տարածաշրջանից  հեռու գտնվող, հետաքրքրություն են  ցուցաբերում, որպեսզի նպաստեն կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջընթացին: Մենք, ինչպես նախագահ Պուտինը բազմիցս ասել է, ողջունում ենք ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծի, որպեսզի այստեղ տեղակայված բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ համագործակցելու՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, փոխշահավետության հիման վրա՝ ելնելով իրենց երկրների և ժողովուրդների շահերից»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print