Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին․ Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ մարտի 1-ը ոչ թե պատճառ էր, այլ՝ հետևանք։

Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ, այն ավելի լայն համատեքստ ունի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Նրա խոսքով՝ իրականում 2008թ. մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր. «Ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր։ Եվ մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք»։

Ըստ Փաշինյանի՝ մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև ՀՀ-ում ընտրություններ կեղծելու էջը շրջված է. «Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն, կուսակցություն, իշխանություն է, այլ՝ ժողովուրդը»։

Վարչապետը նաև նշեց, որ «մարտի 1-ին, հետագայում նաև՝ 2020թ. սեպտեմբերին, ըստ էության արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որ պետք է օգտագործվեին պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար»։

Նա շեշտեց, որ մարտի 1-ը ոչ թե պատճառ էր, այլ՝ հետևանք։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print